ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐ

ՔԱՌՅԱԿ

Քառյակը չորս տողից բաղկացած բանաստեղծություն է։ Այն արտահայտում է մի ավարտուն միտք, գաղափար, պատկեր։ Քառյակն ունի խոհափիլիսոփայական բովանդակություն։ Լայնորեն տարածված է եղել արևելքի միջնադարյան բանաստեղծության մեջ (լավագույն օրինակներ են Օմար Խայամի քառյակները) և կոչվել է ռուբայի։ Հետագայում բանաստեղծության այս ձևը կիրառվել է նաև արևմտյան պոեզիայում։ Հայ գրականության մեջ քառյակը հայտնի է միջնադարից (օրինակ՝ Նահապետ Քուչակի և Գրիգորիս Աղթամարցու քառյակները)։ Ժողովրդական բանահյուսության մեջ այն կոչվել է խաղիկ, հայրեն։ 20-րդ դարում հայ գրականության մեջ քառյակի ձևը բարձր կատարելիության հասցրին Հովհաննես Թումանյանը և Եղիշե Չարենցը՝ նրա միջոցով արծարծելով դարաշրջանի հասարականան — գեղագիտական մեծ ու կարևոր հարցեր։ Ե․ Չարենցը իր քառյակները անվանել է ռուբայիններ։    Քառյակում տողերը կարող են լինել տարբեր երկարության։ Տարբեր են նաև քառյակի հանգավորման ձևերը, բայց ամենից բնորոշը առաջին, երկրորդ և չորրորդ տողերի հանագավորումն է։ Ընդսմին հանգավորվող տողերը կարող են ավարտվել միևնույն բառով կամ բառերով, բայց կարող են վերջանալ նաև սովորական հանգերով։ Թումանյանի քառյակները տալիս են թե մեկի, թե մյուսի օրինակներ։

Հովհաննես Թումանյան

Երնեկ էսպես` անվերջ քեզ հետ` իմ կենքի հետ լինեի.
Հազար երնեկ` դաշտում մենակ` երկնքի հետ լինեի.
Բայց ո՜վ կտա էն վայելքը` ինքըս ինձ էլ չըզգայի,
Ու հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի…
1920, Մայիսի 12

Լուսը լուսին Քո ժպիտն է իմ երեսին ճառագում,
Երբ, ա՛խ, արդեն անբույժ զարկված, դեպի հողն եմ ես հակվում.
Էսպէս էն վառ արեգակի շողերի տակ կենսածոր
Կայծակնահար կաղնին ոտքի` չորանում է օրեցօր։
1920, Նոյեմբերի 24

Առատ, անհատ` Աստծու նըման` միշտ տեղալուց հոգն էլ եմ ես.
Հոգիս ծարավ` սըրան-նըրան մըտիկ տալուց հոգնել եմ ես.
Մինը պիտի գար իմ դեմը` ճոխ ու շըռայլ անհաշիվ,
Ամեն ճամփում ըսպասելուց ու փընտրելուց հոգնել եմ ես։
1921, Փետրվարի 7

Ես շընչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր.
Ես լըսում եմ Նրա անլուռ կանչն ու շունչը ամենուր.
Վեհացնում է ու վերացնում ամենալուր իմ հոգին
Տիեզերքի խոր մեղեդին ու մըրմունչը ամենուր։ 1921, Փետրվարի 14

Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս — բայց ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես.
Անցյալ է դառնում քո ներկան— ու ամե՛ն վայրկյան դու ա՛յլ ես.
Բայց ներկան քո— հո՛ւնտ է գալիքի՝ մեռնելով— նա սնում է գալիքը,
Եվ այսպես— տևում ես դու երկար,— ու ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես։

Թե կտոր տեսնես մի ամպի— ասա՝ սա ուրի՜շ է արդեն.
Թե նստես, թե իջնես թամբից— ասա՝ սա ուրի՜շ է արդեն,
Վերադարձը դարձ չէ այլևս և ո՛չ էլ կրկնություն հնի,
Քո անցած ամե՛ն մի ճամփին ասա՝ սա ուրի՛շ է արդեն։

Երկնքից թռչում է մի թռչուն.— քո ներկա՞ն է այն, բարեկա՛մս,
Ինքն իրեն ժխտող մի հնչյուն.— քո ներկա՞ն է այն, բարեկա՛մս.
Նա գնաց— ու կրկին դարձավ.— այդ նա՞ է արդյոք, թե ուրի՞շը…
Դու նրան էլ չե՛ս ճանաչում… քո ներկա՛ն է այն, բարեկամս:

Ինչ թո՜ւնդ է քո գինին, իմաստո՛ւն, նրանից իմ հոգին հարբում է.
Դա գինի՞ է, թե խո՞սք է ազդու, նրանից իմ հոգին հարբում է.
Խմելո՛ւ ես, մահով իմ սերած, խմելու ես դու է՛լ այս գինին,
Եթե այս պարտեզը գաս դու.— նրանից իմ հոգին հարբում է։