ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐ

ՏՐԻՈԼԵՏ

Տրիոլետը  (ֆրանսերեն՝ triolet, ծագում է իտալերեն trio — «երեք» բառից), բանաստեղծության կառուցման կայուն ձև է, որը բաղկացած է ութ տողից։ Տրիոլետի առաջին տողը նույնությամբ կրկնվում է չորրորդ և յոթերորդ տողերում, իսկ երկրորդ տողը՝ ութերորդ տողում։ Համապատասխանաբար բանաստեղծության այս ձևը ունի ընդամենը երկու հա, որոնք կրկնվում են չորսական անգամ։ 17-րդ դարի ֆրանսիական գրականությունից  տրիոլետի ձևն անցավ մյուս գրականություններին։ Օգտագործվել է հատկապես 20-րդ դարի սկզբի բանաստեղծների կողմից։ Հայ գրականության մեջ բազմաթիվ տրիոլետներ է ստեղծել Վահան Տերյանը, Եղիշե Չարենցը, Նաիրի Զարյանը։

Վահան Տերյան  Չունի և պարսից արքան
Որքան պոետն անտուն,
Այնքան գանձ ու խնդում
Չունի և պարսից արքան.
Հարուստն է պոետն այնքան
Երկրի մթին բանտում…
Չունի և պարսից արքան
Որքան պոետն անտուն…

Չեմ դավաճանի իմ Նվարդին
Որքան էլ դյութես, օ, Շամիրամ.
Որպես արքան այն, մանուկ Արան,
Չեմ դավաճանի իմ Նվարդին։
Որքան փորձանք գա իմ զոհ-սրտին,
Որքան էլ փայլըդ փայե նրան
Չեմ դավաճանի իմ նվարդին,
Որքան էլ դյութես, о, Շամիրամ։

Եղիշե Չարենց

Հիմա ամեն ինչ անիմաստ է,
Իզուր այդպես դու շիկնեցիր.
Ինչի՞դ է կյանքը, իր իմաստը,
Հիմա ամեն ինչ անիմա՜ստ է.
Թողել ենք նավը, ղեկը, լաստը,
Իսկ ծովը մո՜ւթ է ու անծիր.—
Հիմա ամե՛ն ինչ անիմաստ է—
Իզո՜ւր այդպես դու շիկնեցիր…

Զրնգում է շուրջս աստղազարդ գիշերը
Ու պարում են շուրջս լուսազարդ հուշեր—
Այս գիշեր իմ սիրտը Ձեզ նորի՛ց հիշել է…
Զրնգում է շուրջս աստղազարդ գիշերը,
Օ, ինձ ի՞նչ, որ երգն իմ ու գինով իմ սերը
Շարժելու են ծաղրը ու ծիծաղը Ձեր—
Զրնգում է շուրջս աստղազարդ գիշերը
Ու պարում են շուրջս լուսազարդ հուշեր։

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։

Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։