ԷՊԻԿԱԿԱՆ ԺԱՆՐԻ ՍՏԵՂԾՍԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

ՊՈԵՄ

Պոեմը իր ծավալով և ընդգրկումներով մեծածավալ չափածո ստեղծագործություն է, որի տարբեր մասերը միավորվում են սյուժեի կամ կերպարի ընդհանրությամբ։ Նրան հատուկ են թե՛ վիպերգական, թե՛ քնարական հատկանիշներ։ Պոեմի վիպերգական հատկանիշներից են սյուժետային տարրերի և կերպարների առկայությունը, պատմողական շարադրանքը, նկարագրությունները։

Սակայն պոեմին հատուկ են նաև հուզական ուժեղ երանգը, հեղինակային բազմազան շեղումները։ Օրինակ, Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմում ծավալվող դեպքերի պատմությունն ուղեկցվում է բազմաթիվ քնարական շեղումներով։ Ինչպես նախերգանքում ու վերջերգում, այնպես էլ ողջ շարադրանքի մեջ արտահայտված է ստեղծագործության հիմնական գաղափարը՝ բարի, հայրենասիրական գործի գեղեցկության և անմահության միտքը։

Պոեմի թե՛ բովանդակությունը , թե՛ ձևը ենթարկվել են պատմական մեծ փոփոխությունների։ Հին աշխարհում պոեմները պատմել են ժողովրդի կյանքի բախտորոշ դեպքերի, լեգենդար հերոսների կյանքի ու սխրանքների մասին (օր.՝ Հոմերոսի «Իլիականը» և «Ոդիսականը»)։ Միջնադարում պոեմներ գրվեցին բազմազան ձևերով Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»Դանթեի «Աստվածային կատակերգությունը»Շոթա Ռուսթավելու «Վագրենավորը»։

Նոր ժամանակներում պոեմներում պատկերվել են ժողովրդի կյանքի և ճակատագրի էական հարցեր։ Ժանրի զարգացման մեջ հատկապես մեծ դեր են խաղացել Ջորջ Բայրոնը («Չայլդ Հարոլդ»), Ալեքսանդր Պուշկինը («Պղնձե հեծյալ»), Միխայիլ Լերմոնտովը («Մծիրի»), Հովհաննես Թումանյանը («Անուշ») և այլն։

Գրվել են նաև դրամատիկական պոեմներ, որոնց մեջ դեպքերը հիմնականում զարգանում են մենախոսությունների  ու երկխոսությունների օգնությամբ (Գյոթեի «Ֆաուստը»)։ Երգիծական պոեմների մեջ ծաղրվում են կյանքի տարբեր կողմերը (Թումանյանի «Պոետն ու մուսան»)։ Քնարական պոեմի  ցայտուն օրինակ է Ավետիք Իսահակյանի «Աբու-լալա Մահարին»[1]:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *